Բարձրաձայնում ենք ոլորտում առկա խնդիրները
2018թ.-ի նոյեմբերի 22-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի աջակցությամբ իրականացրեց հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին 20 ՏԲ հիվանդներ։ «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» 2018 նախագծի շրջանակներում արդեն երկրորդ անգամ է, որ ստացիոնար բուժում ստացող հիվանդների ներգրավմամբ կազմակերպվում է հանդիպում Տուբերկուլոզի կենտրոնում՝ ելնելով ՏԲ հիվանդների կարիքներից։ Հանդիպման հիմնական նպատակը հիվանդների բուժման ընթացքում առկա խոչընդոտների դուրսբերումն էր և հետագայում այդ խնդիրների հիման վրա ադվոկացիոն գործունեության իրականացումը, ինչպես նաև հիվանդներին իրավական, սոցիալական աջակցության տրամադրումը։ Մասնակից հիվանդները արդեն իսկ ծանոթ էին ՀԿ-ի աշխատակիցներ Արման Ավչյանի և Գոհար Նիազյանի հետ, ովքեր այս նախագծի շրջանակում իրականացնում են մոնիթորինգային այցեր և վերլուծություններ։ Սակայն հիվանդների այս խումբը ՀԿ-ի մնացյալ աշխատակիցների հետ այս ձևաչափով հանդիպում դեռևս չէր ունեցել։
ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․ Գալստյանը, շեշտադրումը պահելով ՏԲ և ՄԻԱՎ վարակների վրա, ՏԲ հիվանդներին ներկայացրեց կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, կատարված ադվոկացիոն գործողությունների ընթացքում գրանցված արդյունքները։ Հաջորդիվ ներկայացան և խոսեցին ՀԿ-ի սոցիալական աշխատակից Ս․ Հարությունյանը և իրավաբան Ս․ Սարգսյանը։ Հիվանդները ունեին չպարզաբանված հարցեր կապված պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության, հաշմանդամության կարգի ձեռքբերման, անաշխատունակության կարգավիճակի և իրենց իրավունքների, անձը հաստատող փաստաթղթերի բացակայության, գրանցում չունենալու, անվճար բուժօգնության տրամադրման վերաբերյալ։ Ներկաների բոլոր հարցերը մեկ առ մեկ քննարկվեցին և տրվեցին ուղղորդումներ մասնագետների կողմից։ ՀԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ հիվանդներին առաջարկվեց խոսել նաև առկա խնդիրների մասին, որոնք ՏԲ հիվանդի բուժման ընթացքում ինչ և ինչ պատճառներով խոչընդոտներ են առաջացնում։ Հիվանդները այստեղ խոսեցին կենտրոնի վիրաբույժի անփոխարինելիության մասին։ ՏԲ հիվանդներից մեկը խոսեց նաև բժշկի կողմից հիվանդության գաղտնիության չպահպանման դեպքի մասին։ Հիվանդները անդրադարձան նաև կենտրոնում որոշակի ծառայությունների տրամադրման վճարովի լինելու մասին․ ինչը ինչ խոսք հակասական է, քանի որ կենտրոնի բոլոր ծառայություններն անվճար են։
Բոլոր առաջադրված հարցերը և խնդիրները հանդիպումից հետո հավաքագրվեց և ներկայացվեց ՏԲ կենտրոնի տնօրենին։
ՏԲ կենտրոնի նախաձեռնությամբ և մեր ՀԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ հրավիրվեց կենտրոնի մասնագետների ժողով, ուր տնօրենը խոսեց բոլոր բարձրաձայնված խնդիրների մասին։ Կենտրոնի վիրաբույժը արդեն իսկ վերադարձել է աշխատանքի, սակայն լիարժեք չի կարողանում իրականացնել իր գործառույթները՝ ելնելով առողջական վիճակից։ Կենտրոնը ընդունել է նաև երիտասարդ մասնագետ, ով դեռևս չի իրականացնում բոլոր գործառույթները՝ պրակտիկայի ոչ բավարար լինելու պատճառով։ Հին մասնագետը դեռ մնում է միակը այդ ոլորտում։
Leave a Reply