Հեպատիտներ.մտածիր կրկին

Back to Նորություններ

Հեպատիտներ.մտածիր կրկին

2014թ.-ի հուլիսի 29-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի անդամ կազմակերպությունները և աջակիցները Համաշխարհային Հեպատիտ Ալյանսի հետ համատեղ իրականացրեցին «Կրկին մտածիր» խորագրով ակցիա՝ նվիրված Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման մասնակիցները հավաքվել էին Առողջապահության նախարարության դիմաց: Հատկանշական է, որ միաժամանակ մամլո ասուլիս էր ընթանում Մեդիա ակումբում, որտեղից ուղիղ միացում կար նախարարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցների հետ։
Ասուլիսին ներկա էին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, «Հայկական լյարդաբանական ասոցիացիայի» նախագահ Հասմիկ Ղազինյանը, «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը, հեպատիտով ապրող Արթուր Մանվելյանը և Թորգոմ Բադալյանը։

Ասուլիսի ժամանակ տիկին Ղազինյանը նշեց, որ Հայաստանը վիրուսային հեպատիտների տարածվածության առումով միջին մակարդակում է: Մեր ազգաբնակչության շրջանում հեպատիտ B-ի տարածվածությունը կազմում է մինչև 2%, իսկ հեպատիտ C-ինը՝ 4 %:

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը անհանգստություն հայտնեց նախարարության կողմից առկա անտարբերության հետ կապված:

-Մասնագետները փաստում են, որ հեպատիտ C-ն բավականին տարածված է ՀՀ-ում, սակայն, դեռևս ոչ մի փոփոխություն ոլորտում չի արվում, չկան կոնկրետ թվեր: Եթե խոսում ենք 4% տարածվածության մասին, նշանակում է ունենք 115000-ի հեպատիտ C-ով ապրող մարդիկ, իսկ վարակով ապրողներից քանի ՞սն ունեն բուժման կարիք, պարզ չէ,-մեջբերեց Ա. Հարությունյանը:

Հեպատիտ C-ով ապրող Արթուր Մանվելյանը ասաց.

-Հայաստանում առկա է ռադիկալ բուժում ապահովող դեղամիջոցը, սակայն այն այնքան թանկ է, որ շատերը՝ այդ թվում նաև ես, գերադասում ենք ապրել հիվանդությամբ:

Հեպատիտ C-ով  ապրող Թորգոմ Բադալյանը նշեց, որ իր ընկերներից կան մարդիկ, ովքեր լքել են Հայաստանը արտերկրում բուժում ստանալու համար:

-Ես չեմ ուզում լքել հայրենիքս: Ես պահանջում են, որ պետությունը որոշակի քայլեր ձեռնարկի և ապահովի մեզ անհրաժեշտ հետազոտություններով և բուժմամբ-հավելեց Թ. Բադալյանը:

Ասուլիսի ավարտին ԱՆ շենքի մոտ հավաքված ակտիվիստները նամակ հանձնեցին նախարարին, որտեղ արտացոլված էր ՀՀ-ում հեպատիտների ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջարկված լուծումները: Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ վերջապես սառույցը տեղից կշարժվի:

Մեդիա անդրադարձ www.aravot.am

Կիսվել

Back to Նորություններ