Հաճախ տրվող հարցեր

ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն որոշ կենսաբանական հեղուկների միջոցով: Դրանք են՝ արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, կրծքի կաթը: Վիրուսն առկա է նաև օրգանիզմի այլ հեղուկներում (մեզ, թուք, քրտինք), սակայն դրանք վտանգավոր չեն վարակման տեսանկյունից, քանի որ դրանցում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ցածր է: Վարակում տեղի է ունենում, երբ վտանգավոր կենսահեղուկները ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝ առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, չախտազերծված ներարկման պարագաներ օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման ժամանակ: Երեխան կարող է վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրվելիս:

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն էորի հարուցիչը ՄԻԱՎն էՁԻԱՀը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն էերբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:

ՄԻԱՎ նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս: Ներթափանցելով մարդու օրգանիզմ այն առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: Այս հիվանդության ժամանակ ախտահարվում է իմունային համակարգը և ժամանակի ընթացքում զարգանում է իմունային անբավարարություն: ՁԻԱՀ-ը`ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խորը խաթարմամբ, ինչի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ:

Ընդհանրապես կանանց խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում դեղեր օգտագործել: Բայց դա չի վերաբերում այն դեպքերին, երբ անհրաժեշտ է նվազեցնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը և պահպանել մոր առողջությունը: Հակառետրովիրուսային դեղերը լավ ուսումնասիրված են: Դրանց մեծ մասն անվտանգ է հղիության ընթացքում ընդունման և նորածնի համար:  Աշխարհում հազարավոր կանայք ստացել են կանխարգելիչ հակառետրովիրուսային բուժում առանց սեփական և երեխայի առողջության համար որևէ բարդության և ունեցել են ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ: Սակայն կան որոշ հակառետրովիրուսային դեղեր, որոնք չի կարելի ընդունել հղիության ընթացքում: Անհրաժեշտ դեղը կընտրի մասնագետը:

Եթե մայրը վարակված է ՄԻԱՎ-ով, նրա մոտ արտադրվում են հակամարմիններ, որոնք հղիության ընթացքում ընկերքի միջով փոխանցվում են պտղին: Հետևաբար ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված բոլոր նորածինների՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ սկզբնական հետազոտության արդյունքները կլինեն դրական: Սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլորը վարակված են ՄԻԱՎ-ով: Մայրական հակամարմինները շրջանառվում են նորածնի արյան մեջ 15-18 ամսվա ընթացքում: Ուստի ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված երեխայի ՄԻԱՎ-ով վարակվածությունը հայտնաբերելու համար իմունաֆերմենտային հետազոտությունը` ԻՖԱ, պետք է կատարել երեխայի 18 ամիսը լրանալուց հետո: Գոյություն ունի նաև հետազոտության մեկ այլ մեթոդ` պոլիմերազային շղթայական ռեակցիա, որը հնարավորություն է տալիս պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ նորածնի կարգավիճակը կյանքի առաջին ամիսների ընթացքում:

Թեև գոյություն ունի վարակված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգ, սակայն որոշակի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է նվազագույնի հասցնել այն: Համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը 98-99% դեպքերում ՄԻԱՎ վարակով հղի կնոջը վարակից զերծ երեխա ունենալու հնարավորություն կտա։ Արդյունավետ կանխարգելման կարևոր նախապայմանը հղի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումն է, ինչի համար անհրաժեշտ է հղիության հնարավորինս վաղ ժամկետում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ: Ցանկալի է այդ անել հղիության կապակցությամբ կանանց կոնսուլտացիա առաջին այցելության ժամանակ:

ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային վարակը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս:

Հղիության ընթացքում ՄԻԱՎ-ը պտղին կարող է փոխանցվել ընկերքի միջով: Ընկերքը օրգան է, որի միջոցով սաղմնային կյանքի ընթացքում իրականացվում են պտղի սնուցումը, արտաթորությունը և շնչառությունը: Սա նաև պտղին պաշտպանում է մոր արյան մեջ գտնվող վնասակար գործոններից` վարակներից, թույներից և այլն: Եթե ընկերքը վնասված կամ բորբոքված է, դրա պաշտպանական հատկությունները թուլանում են` հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ:

Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս` մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով:

Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտուկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով:

Առավել հաճախ ՄԻԱՎ-ը փոխանցվում է երեխային հղիության ուշ շրջանում,  անմիջականորեն ծննդաբերությունից առաջ, կծկանքների և ծննդաբերության ժամանակ:

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հանդիսանում է Mycobacterium tuberculosis-ը: Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է:
Տուբերկուլյոզն ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆթիզիատրիա:
Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:
Տարբերում են`
– թոքային տուբերկուլոզ,
– արտաթոքային տուբերկուլոզ:

Պատճառներ
Մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:

Պաթոգենեզ
Առաջին հերթին տուբերկուլյոզի հարուցիչն ախտահարում է թոքերը: Հյուսվածքներում, որտեղ տեղակայվում են միկոբակտերիաները, առաջանում են բորբոքային գործընթացներ` մանր թմբիկների կամ խոշոր օջախների տեսքով: Եթե օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է, այդ օջախները կարող են ներծծվել: Հաճախ դրանց շուրջն առաջանում է ամուր պատիճ, իսկ թմբիկները ձևափոխվում են շարակցական հյուսվածքի: Եթե պայմաններն անբարենպաստ են, օջախը քայքայվում է և նրա տեղում առաջանում է խոռոչ, որտեղ միկոբակտերիաները բազմանում են և ախտահարում են թոքերի մյուս բաժինները: Այդպիսի հիվանդների խորխի մեջ մշտապես հայտնաբերվում են բազմաթիվ միկոբակտերիաներ, իսկ եթե առկա է նաև խոռոչ, կարող է առաջանալ թոքային արյունախխում և նույնիսկ արյունահոսություն: Տուբերկուլոզային միկոբակտերիաներն ախտահարում են ոչ միայն թոքերը, այլև արյան ու ավշի միջոցով կարող են տարածվել օրգանիզմում, խորխի հետ ընկնել բերանի խոռոչի, ըմպանի և կոկորդի լորձաթաղանթների վրա: Այս բոլոր օրգաններում նույնպես առաջանում են բորբոքային օջախներ:

Բուժում

Տուբերկուլյոզի բուժումն իրականացվում է խիստ բժշկական հսկողության տակ, սկզբում` հիվանդանոցում, այնուհետև` ամբուլատոր պայմաններում: Տուբերկուլյոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլյոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (4-24 ամիս, երբեմն` նույնիսկ ավելի):Այս դեղամիջոցներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները. ջերմաստիճանը դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը` լավանում: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է: Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և դադարում են հետևել բժշկի հրահանգներին: Դրանով նրանք անուղղելի վնաս են հասցնում իրենց, քանզի այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, որի դեպքում կզարգանա դեղորայքակայուն տուբերկուլյոզ։ Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը:

Տուբերկուլյոզի բուման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպանական ուժերն ամրապնդող մեթոդներ: Առողջարանային ռեժիմը (ուժեղացված սնունդ, չափավոր ֆիզիկական բեռնվածություն) ունի էական նշանակություն: Որոշ դեպքերում վիրաբուժական ժանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և տուբերկուլյոզով ախտահարված այլ հատվածներ:
Տուբերկուլյոզի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, ինչպես նաև մաքուր օդը (անհրաժեշտ է հիվանդի սենյակը մշտապես օդափոխել): Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը:

Կանխարգելում
Տուբերկուլոզի կանխարգելումը կատարվում է 3 եղանակով`
– սոցիալական կանխարգելում,
– սանիտարական կանխարգելում,
– առանձնահատուկ հակատուբերկուլյոզային կանխարգելում:
Տուբերկուլոզի սոցիալական կանխարգելումը միջոցառումների համալիր է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է: Այն նեռառում է ինչպես կյանքի նյութական պայմանների և կենցաղավարման մակարդակի բարելավումը, այնպես էլ սանիտարական գիտելիքների տրամադրումը:
Տուբերկուլյոզի սանիտարական կանխարգելումն իրենից ենթադրում է հիվանդության բաց ձևով հիվանդների շտապ հոսպիտալացում, ինչպես նաև բնակչության զանգվածային (հատկապես հանրակացարաններում ապրողների) պարբերաբար հետազոտությունների անցկացում:
Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման մթնոլորտում, ուստի հիվանդների հետ շփված բոլոր անձինք պետք է գտնվեն հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ: Տեղամասային բուժքույրն ամեն ամիս պետք է այցելի հիվանդին և հետևի, որ նա ճշտությամբ կատարի բժշկի նշանակումները, ինչպես նաև նա պետք է ընտանիքի անդամներին սովորեցնի հիվանդության կանխարգելման անձնական միջոցառումները, հատկապես` անձնական օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները:
Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման. խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում են չոր քլորակիր (10 մլ-ին` 2 գ), խառնում են և 2 ժամ թողնում են թքամանի մեջ: Վարակազերծելուց հետո պարունակությունը թափում են կոյուղի, իսկ թքամանը լվանում են սովորական եղանակով:
Հիվանդի սպիտակեղենը (հատկապես թաշկինակները և սրբիչը) հարկավոր է հավաքել առանձին տոպրակի մեջ, լվանալուց առաջ գիշերը թրջել քլորամինի լուծույթով և 30 րոպե եռացնել: Հիվանդի համար առանձնացնում են ամանեղեն, որն առանձին են լվանում (ցանկալի է 15 րոպե եռացնել 2 %-անոց օճառասոդային լուծույթում):
Հիվանդի հագուստը հարկավոր է հաճախ արդուկել և օդափոխել արևի տակ: Հիվանդի սենյակը հարկավոր է պաշտպանել ճանճերից: Երբ հիվանդին հոսպիտալացնում են, սենյակում կատարում են վերջնական վարակազերծում. սենյակի հատակն ու պատերը լվանում են վարակազերծող լուծույթով, իսկ 2 ժամ անց բնակարանը մաքրում են ու չորացնում: Խորհուրդ է տրվում պատերն ու առաստաղը սպիտակեցնել կամ պաստառները փոխել:

Առանձնահատուկ հակատուբերկուլոզային կանխարգելումն իրականացվում է ԲՑԺ վակցինայով, որը ստացել են ֆրանսիացի գիտնականներ Կալմետը և Գերենը: Վակցինացումը կատարվում է պարտադիր կարգով բոլոր նորածիններին, եթե հակացուցումներ չկան: Պատվաստված երեխաների հիվանդացության մակարդակը մի քանի անգամ ցածր է: Վակցինայի ազդեցության տևողությունը 4-5 տարի է, որից հետո իմունիտետն աստիճանաբար մարում է: Դրա համար մինչև 30 տարեկանը պարբերաբար կատարում են կրկնակի վակցինացում:
Տուբերկուլյոզի բաց ձևով հիվանդների հետ շփվող երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև հիվանդության բարձր ռիսկով հակված անձանց նշանակում են քիմիականխարգելում` հակատուբերկուլոզային պատրաստուկների ներարկում 3 ամիս ժամանակով:

Միկրոբակտերիաները հաճախ փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:  Տուբերկուլոզ հնարավոր է ձեռք բերել ամենուրեք` խանութում, հասարակական տրանսպորտում, հյուր գնալիս:  Տուբերկուլոզի բացիլները դիմացկուն են ցրտի, ջերմության, խոնավության և լույսի նկատմամբ: Դրանք ամիսներ շարունակ կարող են պահպանվել փողոցի փոշու կամ գրքերի էջերում: Սակայն, պետք է հաշվի առնել, որ  տուբերկուլոզի երկու տեսակ կա՝ բաց և փակ: Բաց ձևի դեպքում է, որ մարդը հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում կարող է վտանգավոր լինել շրջապատի համար: Փակ ձևի ժամանակ մարդը վտանգավոր չէ շրջապատի համար այնքան ժամանակ, քանի դեռ հարուցիչ չի արտադրում։