Հանդիպում Սվետլանա Իզամբաևայի հետ

Back to Նորություններ

Հանդիպում Սվետլանա Իզամբաևայի հետ

Օգոստոսի 29-ին «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմը հանդիպեց Սվետլանա Իզամբաևայի հետ: Սվետլանան ՌԴ-ում իրականացրել և իրականացնում է նախադեպը չունեցող «Teenergizer» նախագիծը, որը միավորում և աջակցում է  ՄԻԱՎ-ով ապրող չափահասներին և երիտասարդներին:

Սվետլանա Իզամբաևան մասնագիտությամբ կլինիկական հոգեբան է, սակայն, մասնագիտությանը զուգահեռ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում իրականացնում է նաև սոցիալական աշխատողի գործառույթներ, հավասարը հավասարին խորհրդատվություն և հանդես է գալիս որպես փորձագետ՝ սովորեցնելով և տարածելով իր հմտությունները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում գործունեություն ծավալող անհատներին և կառույցներին:

ՀՀ-ում, մինչ սոց. ՀԿ-ի անձնակազմին հանդիպելը, նա Պոլատավայի, Կիևի, Թբիլիսիի, Կազանի և Պետերբուրգի Teenergizer-ների հետ միասին աշխատանքային հանդիպումներ էր ունեցել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) հայաստանյան ներկայացուցիչների հետ: Հանդիպումների նախաձեռնող կողմը (ՄԱՁԻԱՀ) ՀՀ-ում սկսում է ՄԻԱՎ-ով ապրող դեռահասների շրջանում տարածաշրջանային ռազմավարական պլանավորման աշխատանքներ, և Սվետլանա Իզամբաևան Teenergizer-ների հետ միասին այդ հանդիպումներին հրավիրվել էին որպես փորձագետներ՝ հաշվի առնելով ոլորտում վերջիններիս փորձառությունը:

Ողջունելի նախաձեռնություն, հաշվի առնելով և′ փորձագետների պրոֆեսիոնալիզմը, և′ ներդրած հեղինակային ծրագրի օգնությամբ ՄԻԱՎ-ով ապրող դեռահասների շրջանում արդեն իսկ գրանցված հաջողությունները: Ցավում ենք, որ ՀՀ-ում ընթացող տարածաշրջանային ռազմավարական պլանավորման աշխատանքներում  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն ներգրավված չի եղել, որը հնարավորություն կտար հանդիպմանը ընդգրկել ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ-ից տուժած երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին: Նրանք կծանոթանային այլ երկրներից եկած իրենց հասակակիցների հետ, ովքեր առնչվել են նույն խնդրին, ունեն աջակցման իրենց փորձը և հնարավորությունը իրենց հուզող հարցերի մասին բարձրաձայնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ որոշումներ կայացնող կառույցներում:

Պետք է նշենք, որ սոց. ՀԿ-ի անմասն մնալը քննարկումներին չխանգարեց, որպեսզի անմիջական կապ ստեղծվի Սվետլանայի հետ և քննարկվի ՀՀ-ում դեռահասների շրջանում առաջիկա անելիքների, խնդիրների և լուծումներ գտնելու հարցերը: Նման փորձագետի հետ հանդիպումը մեր անձնակազմի համար առաջին հերթին ուներ մոտիվացնող գործոն՝ լավագույն փորձի փոխանակման, ուսուցանող, մեթոդական բազայի տարածման հավելումներով: Հանդիպման ձևաչափը կարծես ևս մի պլանավորված ինտերակտիվ դասախոսություն էր՝ լի հարց ու պատասխանով, նպատակային դերային խաղի ներդրմամբ, ռեսուրսների առկայության և հասանելիության արժևորումներով:

Համագործակցությունը կլինի շարունակական. առաջիկայում պլանավորում ենք TOT ֆորմատով սեմինարների շարք Սվետլանա Իզամբաևայի գլխավորությամբ, ինչպես նաև ֆոնդերի հայթայթման միջոցով ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող դեռահասների ներգրավմամբ ևս անցկացնել ամառային ճամբար:

Մենք համոզված ենք, որ հարցերին բազմասեկտորիալ մոտեցումներով նայելը, քննարկելը, ընդհանուր կոնսենսուսի գալը միանշանակ կտանի նախաձեռնության իրականացման համապարփակ, ֆունկցիոնալ առումով ճկունություն ունեցող հարթակի ստեղծմանը:

Կիսվել

Back to Նորություններ