Ոլորտային խնդիրների կարգավորումները իրականացվում են շահառուների ներգրավմամբ

Back to Նորություններ

Ոլորտային խնդիրների կարգավորումները իրականացվում են շահառուների ներգրավմամբ

2018թ․-ի հուլիսի 13-ին «Փոփոխությունները հնարավոր են։ Գործենք հիմա» նախագծի շրջանակներում իրականացավ ՏԲ համայնքի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Հանդիպման ձևաչափը և խոսնակների ներկայացման կերպը ունեին որոշակի առանձնահատկություններ, որոնք ուղղված էին ՏԲ համայնքի ներկայացուցիչների անմիջական ներգրավածության հարցերին, երբ խոսքը վերաբերում է պետական հարթակներում ոլորտային խնդիրների առաջադրման և լուծումների ուղիների մեխանիզմներին, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչների՝ որպես ակտիվիստների, կարողությունների հզորացմանը։

Անահիտ Հարությունյանը («Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ) հանդիպման սկզբում ներկաներին ծանոթացրեց 2018թ․-ին ՏԲ ոլորտի առնչությամբ միջազգային հարթակներում արդեն իսկ եղած և ակնկալվող միջոցառումների մասին, առանձնացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում սույն թվականի սեպտեմբերին կայանալիք միջոցառմանը ՀՀ-ից ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը, ՀԿ ներկայացուցիչների և ՀՀ ԱՆ նախարարի, ԱԺ պատգամավորների, ՏԲ դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր տնօրինության, ԱՀԿ-ի Հայաստանյան ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների աշխատանքների գրաֆիկը։

Ա․Հարությունյանը քայլ առ քայ շարադասեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով (ՄՀՀ)-ի գործառույթները և դրա կազմում ընդգրկման մեխանիզմները։ ՄՀՀ կազմում հետևողական գործունեություն ծավալելու և ակնկալվող դրական ելքային արդյունքների առումով մեր ՀԿ-ի օրինակը խթան կարող է հանդիսանալ ներկաների համար։

Օրակարգային երկրորդ մասնաբաժինը վերաբերում էր ԱԿՏԻՎԻԶՄ եզրույթին։ ՌԴ-ից ժամանած փորձագետ Սվետլանա Իզամբաևայի հետ մտերմիկ հանդիպումը լի էր հույզերով, սեփական անձի նկատմամբ հավատի վերականգնված զգացումով, գործելու ու դրական փոփոխությունների առաջամարտիկներ լինելու հորդորներով։

Փորձագետը հանդիսանում է 2008թ․-ին Կազանում գրանցված «Սվետլանա Իզամբաևա» հիմնադրամի նախագահը (http://izambaeva.org), որի բացման նպատակը բարեգործական, առողջ ապրելակերպի, սոցիալական, տնտեսական գործունեության խթանման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերն են եղել։

«Անկախ քաղաքացիությունից և կրոնից ցուցաբերել նյութական և այլ օգնություն սոցիալապես անապահով անձանց բոլոր կատեգորիաներին» արդեն 10 տարի գործունեություն ծավալող հիմնադրամի անքակտելի կարգախոսն է։ Հիմնադրամի ոլորտային գործունեությունը վերաբերում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և նրանց ընտանիքներին անհատական ​​աջակցության տրամադրմանը՝  հոգեբանների, իրավաբանների, բժիշկների և այլ մասնագետների ներգրավմամբ։

Ս․Իզամբաևան նախ ներկայացավ հետո նույնը հորդորեց անել ներկաներին։ Համակցված աշխատանքի արդյունքում բանախոսը սխեմատիկորեն պատկերեց ախտորոշված հիվանդության ընդունման փուլերը։ Ըստ ընդունված չափանիշների դրանք հետևյալն են՝ շոկ, հերքում, ագրեսիա, դիպրեսիա, ընդունում։ Յուրաքանչյուր փուլ ունի իր դժվարությունները, և յուրաքանչյուր փուլում առկա է վտանգը խնդրին առանց լուծում տալու վերջնականորեն կորցնել կյանքի նկատմամբ հավատը։ 

Ներկաները պատմեցին իրենց ապրումները այս 5 փուլերի տեսանկյունից, խոսեցին հանդիպած խոչընդոտների, ամոթի զգացումի, խարանի և խտրականության դրսևորումների մասին։ Հիվանդության ընդունումը, անձի և նրա շրջապատի ապրեցման և այլոց սատար կանգնելու ենթադրող փուլ է։ Ելքային փայլուն արդյունք այստեղ կարող է դիտվել ակտիվիստական գործունեությամբ զբաղվելը։ Աջակցել, քաջալերել, դուրս բերել, բարձրաձայնել, առաջադրել, լուծել-բայեր են, որոնք զուգահեռվում են ԱԿՏԻՎԻԶՄ տերմինի հետ, և դու՝ որպես այդ ամենով անցած և վերապրած մեկը, ունես քո մեջ այդ ուժը քո ետևից տանել նաև մյուսիներին։ 

Հանդիպման երրորդ մասում ՀԿ-ի մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ա․ Ալագուլյանը անցկացրեց ֆոկուս խմբի քննարկում սոցիալական հոլովակի սցենարների մշակման նկատառումով, որը պետք է ուղղված լինի տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը։ Քննարկումը ընթացավ առաջարկությունների տեսքով: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց հոլովակի նկարահանման իր մոտեցումները:

Քննարկումը տարվեց հետևյալ հիմնական ուղղություններով՝

  • Հոլովակի բովանդակության որոշում
  • Հոլովակի կերպարների ընտրություն
  • Հոլովակի հիմնական ուղերձները

Հոլովակի բովանդակություն: Ֆոկուս խմբային քննարկման մասնակիցների մի մասը առաջարկեց, որպեսզի սոցիալական հոլովակը ներկայացվի որպես ՏԲ-ով հիվանդացած անձի պատմություն և վերջում լինի դրական ավարտ՝ ներկայացվի, թե որքան լավ է իրեն զգում հիվանդը բուժման ավարտից հետո: Մասնակիցներից մեկը կարևորություն տվեց այն հանգամանքին, որ հոլովակում անպայման  ընդգծվի հիվանդի ընտանիքի աջակցության կարևորության փաստը: Քննարկման մասնակիցների կողմից աջակցություն ստացավ բուժման կարևորությունը դեղորայքային բուրգի տեսքով ներկայացման առաջարկությունը, ըստ որի՝ բուրգի յուրաքանչյուր հատվածում նշվում են ՏԲ-ի բուժման դեղորայքները, իսկ դեղորայքներից գոնե մեկի հեռացումը ցույց է տալիս բուժման տապալումը: Մասնակիցները հավանություն տվեցին այս առաջարկին: Քննարկման մասնակիցներից մեկի կողմից հնչեց առաջարկ, որպեսզի հոլովակը ներկայացվի զուգահեռման միջոցով: Հոլովակում լինեն երկու անձինք, որոնցից մեկը արդեն իսկ ավարտել է բուժումը, իսկ մյուսը՝ ոչ: Զուգահեռներ անցկացվեն, թե ինչ արդյունքների կարող է հասնել ՏԲ-ի բուժում ստացածը և բուժումից հրաժարվողը: 

Կերպարների ընտրություն: Ֆոկուս խմբի ընթացքում, տուբերկուլոզի բուժման գործընթացի ընդհատումների նվազեցմանը ուղղված սոցիալական հոլովակի բովանդակային հատվածի քննարկումից հետո, անցում կատարեցինք հոլովակի կերպարների ընտրությանը: Մասնակիցների մեծամասնությունը կողմ էր հոլովակում հայտնի մարդկանց ներգրավման գաղափարին: 

Ուղերձներ: Քննարկման ընթացքում անդրադարձ արվեց նաև հիմնական ուղերձներին, որոնք պետք է հնչեն հոլովակում:

Առաջարկվեցին հետևյալ ուղերձները՝

  • Կյանքը շարունակվում է ՏԲ-ից հետո
  • Մի՛ ընդհատիր բուժումը
  • Բուժման արդյունավետությունը կախված է բուժման պարտաճանաչությունից
  • Հաղթի՛ր ՏԲ-ին
  • Համբերությունը պարգևատրվում է առողջությամբ
  • Կիսատ թողնվածը՝ տանուլ տվածն է
  • Օգտվի՛ր ապրելու իրավունքից
  • Առողջ ընտանիք, առողջ շրջապատ
  • Բուժումն անվճար է ՀՀ-ում

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ