ՏԲ շահառուների նամակ-ուղերձը ստորագրված է և հանձնվելու է վարչապետ Ն․ Փաշինյանին

Back to Նորություններ

ՏԲ շահառուների նամակ-ուղերձը ստորագրված է և հանձնվելու է վարչապետ Ն․ Փաշինյանին

2018թ․-ի օգոստոսի 22-ին ՀՀ Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի (ՏԲ) դեմ պայքարի ազգային կենտրոնում կայացավ իր բնույթով բացառիկ մի հանդիպում տուբերկուլոզի ստացիոնար բուժում ստացող հիվանդների և  «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց․ ՀԿ-ի ներկայացուցիչների միջև։ Մասնակիցների հավաքագրումը իրականացրել էր Արման Ավչյանը, ով արդեն մի քանի ամիս է ինչ կենտրոնում իրականացնում է հավասարը հավասարին խորհրդատվություն։ Բուժում ստացող հիվանդների ներգրավվումը նպատակային հանդիպումներին խիստ կարևորվում է ՀԿ-ի գործելաոճում, քանի որ սիներգիկ հենքով կատարված աշխատանքներն են, որ ունեն բարձր արդյունավետություն և ապահովում են հիվանդների բուժման անընդհատությունը։ Կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շ․ Գրիգորյանի և ՀԿ-ի անձնակազմի միջև հաստատված համագործակցային, փոխադարձ վստահության, պատասխանատվության բաղադրիչներն էին, որ հնարավորություն տվեցին անցկացնել պլանավորված հանդիպումը։ Ա․ Ավչյանի խորհրդատվական/աջակցման աշխատանքների ընթացքում ներկաները որոշ չափով տեղեկացվել էին ՀԿ-ի գործունեության մասին։ Հիմք ընդունելով արդեն իսկ ունեցած բազան՝ ՀԿ-ի նախագահ Ա․Հարությունյանը մանրամասն ներկայացրեց ՀԿ-ի գործառույթները, ներդրված և մատուցվող ծառայությունների ձևաչափերը, ընթացիկ ծրագրերը, գրանցված արդյունքները և հետագա պլանները։ Նրա խոսքը շարունակեց Արման Ավչյանը, ով ավելի հանգամանալից անդրադարձավ հավասարը հավասարին խորհրդատվության ծառայությանը։ Ի՞նչու է պետք ծառայությունը, ինչպե՞ս է դա արվում, ի՞նչ ակնկալիքներ և գրանցված արդյունքներ են առկա։ Այստեղ նաև եղան շեշտադրումներ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման մեխանիզմների, ակտիվիզմի անհրաժեշտության մասին։

ՀԿ-ի հավասարը հավասարին խորհրդատու Ա․ Ավչյանը խոսում է խարհրդատվական ծառայության մասին։

ՀՀ-ում մինչ 2021թ․-ը  ՏԲ-ի նկատմամբ հետազոտությունը և բուժումն անվճար է։ Սակայն ի՞նչ է լինելու 2021թ․-ից հետո։ Վերցնելու՞ է արդյոք պետությունը իր վրա ոլորտի ֆինանսավորման ամբողջ գործընթացը, թե լինելու է հիվանդների կարիքների մասնակի սպասարկում պետական միջոցներով։

Երկրում տուբերկուլոզի բուժման հասանելիության շարունակականության ապահովման հարցում նշանակալի դեր կարող է ունենալ 2018թ․-ի սեպտեմբեր 26-ին, Նյու Յորքում կայանալիք Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) 72-րդ նստաշրջանին հատուկ նիստի քննարկումը, որը այս տարի նվիրված է տուբերկուլոզի հարցերին։ Այս առումով ներկաներին տեղեկատվություն փոխանցեց ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ա․ Գալստյանը։ Գոյություն ունի ՄԱԿ-ի կողմից մշակված կայուն զարգացման 17 նպատակներ։ Այդ նպատակներից երրորդը վերաբերում է Առողջությանը և բարեկեցությանը։ Կոնկրետ մեր դեպքում այն վերաբերում է տուբերկուլոզ հիվանդությանը և առկա է թիրախային նպատակ․ այն է՝ ունենալ 2030 թվականին տուբերկուլոզի գրանցման 0 դեպք։

ՏԲ շահառուները տեղեկանում են ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանի հատուկ նիստի քննարկումների թեմատիկային

Թիրախային նպատակին հասնելու ճանապարհին կարևորվում է երկրի առաջին դեմքերի անմիջական մասնակցությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու հիվանդության դեմ պայքարին։ Նման իրավիճակում քաղաքացիական հասարակության գործոնը խնդրի կարևորության բարձրաձայնման, կառավարության առաջին դեմքերի մասնակցության ջատագովության հարցերում անհրաժեշտ է։

Դա էր պատճառը, որ ՀԿ-ի ներկայացուցիչները ՄԻԱՎ/տուբերկուլոզ շահառուների անունից պատրաստել էին նամակ-ուղերձ՝ ուղղված ՀՀ նորանշանակ վարձապետ Նիկոլ Փաշինյանին, ինչը և ընթերցեցին ՏԲ շահառուների հետ հանդիպման ժամանակ։ Նամակում նշված էր տուբերկուլոզի հարցերով ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանին վարչապետի մասնակցության կարևորությունը, ասաբլեայում Հռչակագրի ստորագրման անհրաժեշտությունը, առաջիկայում հանդիպման նշանակման պլանավորումը։ Ներկաները, ցանկալով հավաստել իրենց համակարծությունը նամակի բովանդակությանը, ստորագրեցին այն։ Շահառուների կողմից ստորագրված փաստաթուղթը ՀԿ-ի ներկայացուցիչները կփոխանցեն վարչապետին և մասնակիցներին կտեղեկացնեն հետագա զարգացումների մասին։

ՀԿ-ի նախագահ Ա․ Հարությունյանը ընթերցում է ՏԲ շահառուների անունից գրված նամակը ՀՀ վարչապետին։

Բովանդակային առումով հագեցած հերթական հանդիպումը ՏԲ շահառուների հետ ավարտվեց ՀԿ-ի կողմից պատրաստված 2 սոցիալական հոլովակների դիտումով, որոնք առնչվում էին ՏԲ-ի վաղ հայտնաբերմանը և խարան/խտրականության հարցերն։ Դիտումների ընթացքում շատ հուզիչ էր տեսնել շահառուների ապրումները, արցունքները, հույզերը․․․ Մեկ անգամ ևս հավաստիացանք, որ տուբերկուլոզի ոլորտում ՀԿ-ի կատարված և կատարվելիք աշխատանքները ծագում են շահառուների կարիքներից և ուղղված են այդ կարիքների բավարարմանը։

Նամակի հետ ծանոթանալ այստեղ >>>

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ