«Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ն «Գիլիադ Սայնս» կազմակերպության անշահախնդիր դրամաշնորհի շրջանակներում 2017թ.-ի ապրիլ ամսին իրականացրեց  2 մոդուլ ձևաչափով 7-օրյա դասընթացներ՝ «Ադվոկացիան լուծում է» նախագրով: Նպատակը ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ, տուբերկուլոզի, հեպատիտների բնագավառում բանիմաց, խնդիրներ առաջադրող, իրավական առումով տեղեկացված, նախաձեռնող թիմի ստեղծումն էր, որը ՀԿ-ի հետ համատեղ, նշված հիվանդությունների շրջանակներում, կիրականացնի ադվոկացիոն գործունեություն (հանդիպումներ ոլորտը կարգավորող ներկայացուցիչների հետ, թիրախային համայնքի խնդիրների մասին բարձրաձայնում, դեղերի հասանելիության անընդհատ ապահովում… ), կմասնակցի ակցիաներին, կունենա խնդիրների կարգավորման ուղիներ առաջադրելու  հմտություններ և գործիքներ :Դասընթացների թեմատիկան, ձևաչափը, մեթոդիկան մշակվել էր ոլորտի առաջատար փորձագետների կողմից՝ ելնելով 3 հիվանդությունների խնդրահարույց զարգացումների միտումներից և ռիսկերի կանխատեսման սկզբունքից: Դասընթացի մասնակիցների ընտրությունը պատահական չէր, քանի որ ընդգրկված էին շահառուներ, շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետաքրքրված անձինք:

Կրթական մոդուլի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը, ով ողջունելով ներկաներին, ներկայացրեց  ծրագրի նպատակը, ակնկալվող ընթացքը և արդյունքները: Ինչպես և նշված էր առաջին օրվա օրակարգում, խոսվեց ՄԻԱՎ վարակի վիճակագրության, փոխանցման ուղիների, ախտանշանների, բուժման, կանխարգելման,   խորհրդատվության, հետազոտության, ախտորոշման մասին: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման հասանելիության և սխեմաների մասին մասնագիտական իր դիպուկ նկատառումներով հանդես եկավ նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-վարակաբան Աստղիկ Դավիդյանը: Առաջին օրվա հանդիպումը ամփոփվեց «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի մասին ներկայացմամբ, ուր մանրամասն ներկայացվեց ՀԿ-ի անցած պատմությունը, տեսլականը, առաքելությունը, իրականացված նախագծերը, ձեռքբերումները, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունները, հետագա պլանները:

«Ադվոկացիան լուծում է»  դասընթացների շարքի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աշխատանքներին: Այդ օրվա դասախոսությունների շարքը համալրվեց նաև վերարտադրողական առողջության, տուբերկուլոզի փոխանցման ուղիների, ախտանշանների, կանխարգելման, ախտորոշման և բուժման մասին բանախոսությամբ: Բժիշկներ առանց սահմանների միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպության բժիշկ-թոքախտաբան Հակոբ Աճեմյանը մանրամասն ներկայացրեց հիվանդության հետ առնչվող գործոնները, ՀՀ-ում առկա իրավիճակը, անվճար բուժման հասանելիության երաշխիքները և ձևերը: Օրվա ամփոփումը իրականացրեցին «Դրական մարդկանց հայկական ցանց»  սոց. ՀԿ-ի գործընկեր կազմակերպությունները: Բժիշկներ առանց սահմանների(ԲԱՍ) միջազգային մարդասիրական օգնության հասարակական կազմակերպության գործունեությունը ներկայացրեց ՀՀ-ում ՀԿ-ի ղեկավար Ժան Մարի Պերեն: Նա մեկ անգամ ևս հիշեցրեց ներկաներին, որ ՀԿ-ն գործում է 1971 թ.ից և այսօր արդեն աշխատում է աշխարհի 65 երկրներում`աջակցություն տրամադրելով աղետային վիճակներում հայտնված, բնական կամ մարդածին աղետների և զինված հակամարտությունների զոհ դարձած բնակչությանը` անկախ ռասայական, կրոնական պատկանելիության և քաղաքական համոզմունքների: Տիկին Պերեն հավելեց նաև, որ ԲԱՍ-ը աշխարհում տուբերկուլոզի(ՏԲ) և դեղակայուն տուբերկուլոզի(ԴՏԲ) բուժման ամենախոշոր մատակարարներից մեկն է, և որ ԲԱՍ-ը ունի տուբերկուլոզի բուժման ծրագրեր աշխարհի 24 երկրներում, իսկ 2015թ-ին աջակցել է բուժման մեջ գտնվող ավելի քան 20.000 ՏԲ հիվանդների: Ամփոփիչ նախադասությունում նա ավելացրեց, որ գրանցված դրական արդյունքները դեռևս բավարար չեն, քանի որ ամեն 18 վայրկյանը մեկ աշխարհում 1 ՏԲ հիվանդ է մահանում: Հաջորդիվ, իրենց գործունեության շրջանակներին անդրադարձավ «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության (ՄՕԿ) ներկայացուցիչ Նարինե Կոստանյանը: ՄՕԿ-ը հիմնադրվել է 1991 թվականին` Ռենե և Քիմ Հարցներների կողմից` օգնելու Արևելյան Եվրոպայի սոցիալական և տնտեսական դժվարին իրավիճակներում հայտնված երկրներին: Գործունեության ընթացքում  կազմակերպությունը օգնել է ՀՀ-ին հաղթահարել բնական աղետների հետևանքերը, դիմակայել պատերազմի տարիների ծանր մարտահրավերներին  և իրականացրել է մարդասիրական օգնության ծրագրեր: Իրականացվել է սննդային փաթեթների բաշխում և տրամադրվել է բժշկական նշանակության օգնություն: Ավելի  քան 60 մլն եվրոի դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել կրթության, առողջապահության, աղքատության դեմ պայքարի և մարդասիրական ոլորտներում: 2008թ.-ին ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող միջգերատեսչական  հանձնաժողովի (ՄՀՀ) կողմից «Առաքելություն Արևելք»  ՄՕԿ-ը ընտրվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրին»  ծրագրի հիմնական ռեցիպիենտ, ինչ արդյունքում էլ համակարգում է 4 երկրորդային ստացող ՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերը և պատասխանատու է հիմնական գնումների, գումարների հատկացումների, մոնիթորինգի և հաշվետվությունների ներկայացման համար:

«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի անունից հանդես եկավ Լևոն Չիլինգարյանը: Նա ներկայացրեց ՀԿ-ի արժեքները, տեսլականը, առաքելությունը, պատմությունը, ռազմավարական ուղղությունները, իրականացրած և ընթացիկ նախագծերը, գրանցած արդյունքները:

Անալոգային կերպով հանդես եկան նաև «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Լուսինե Ստեփանյանը և «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ի ներկայացուցիչ Նվարդ Գրիգորյանը:

Երրորդ օրը մենք խոսեցինք Տուբերկուլոզի ազգային ծրագրի և հեպատիտների ախտորոշման, հեպատիտ /ՄԻԱՎ համավարակի, բուժման հասանելիության ապահովման մասին: Հիվանդության մասին մասնագիտական դասախոսությամբ հանդես եկան հրավիրյալ մասնագետներ Հասմիկ Ղազինյանը և Իրինա Մխիթարյանը («Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի բժիշկներ):

Չորրորդ օրը, որը նաև կրթական մոդուլի առաջին հատվածի ամփոփման օրն էր, մասնակիցները տեղեկացան դեղերի գրանցման գործընթացի, գների, պատենտների, պատճեների (գեներիկներ), ադվոկացիոն գործիքների, քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիթորինգային հաշվետվությունների մասին: Սերգեյ Գոլովինի (հրավիրված փորձագետ Բուժման պատրաստակամության կոլալիցիա (ITPCru) կազմակերպությունից)  անմիջական մենթորությամբ մասնակիցները կատարեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ և հեպատիտների վարակների ոլորտում հետազոտություն, առանձնացրին թեմատիկ խնդիրները, միասին որոշեցին իրենց գործողությունների պլանը, ներգրավվեցին շահագրգիռ կողմերին, համակցված օժանդակող աշխատանքային գործիքների ներդրմամբ որոշակիացրեցին խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները:

«Ադվոկացիան լուծում է»  կրթական երկրորդ մոդուլի առաջին և երկրորդ օրերին Ալեքսեյ Միխայլովը և Տատյանա Խանը(հրավիրված փորձագետներ Բուժման պատրաստակամության կոլալիցիա (ITPCru) կազմակերպությունից)  մասնակիցներին ներկայացրեցին www.pereboi.ru կայքը՝ որպես հանրության կողմից կիրառվող թվային գործիք, կատարեցին դեղամիջոցների գնման սխեմայի վերլուծություն, թիմային աշխատանքի միջոցով հաշվարկեցին ՀՀ-ում դեղերի գնման բյուջեն և տարեկան հատկացումները՝ ըստ դեղամիջոցների տարատեսակների, և ի վերջո պրոակտիվ քննարկումների միջոցով կատարեցին արդյունքների վերլուծություն:

7-օրյա հանդիպումների ընթացքում մասնակիցները ստացան նաև մասնագիտական խորհրդատվություն դեղերի արտադրության, ՀՀ-ում գործող օրենքների, գրանցման կանոնակարգի մասին: Այս սեկտորի մասին համապարփակ խոսեց Լիլիթ Ղազարյանը (Է. Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն): Դինամիկ հարց ու պատասխանի օգնությամբ  մասնակիցները Հասմիկ Հարությունյանից (ՀՀ-ում Գլոբալ հիմնադրամի ծրագրերի իրականացման խմբի ղեկավար) և Վարդուհի Գրիգորյանից (Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ) տեղեկացան նաև ՀՀ-ում ՀՌՎ դեղերի արտադրության հնարավորությունների, միջազգային կառույցների կողմից հովանավորվող դեղորայքի հասանելիության ժամկետների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ՀՀ-ին հատկացվելիք գումարների մասին: Հասմիկ Հարությունյանը հստակեցրեց նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման և կանխարգելման առումով ՀՀ կառավարության 2017-2018 գործողությունների և պարտականությունների պլանային հատվածը:

Վերջին՝ յոթերորդ օրը մանրամասն խոսվեց 3 հիվանդությունների կոնտեքստում մարդու իրավունքների (կանանց իրավունքներ) մասին: ՀՀ-ում գործող իրավական փաստաթղթերի առումով բանախոսները հղումներ կատարեցին ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը:

Հավելենք, որ յոթ օրերի ընթացքում ներառված թեմաների հետ զուգահեռ, կատարվում էր նաև նպատակային գործնական աշխատանքներ, ակտիվ քննարկումներ, իրավիճակային հարցերի վերլուծություններ, առաջադրվում հետագա գործողությունների նախադրյալներ: Պլանավորվեց, մշակվեց և կազմվեց ՄԻԱՎ-ի, հեպատիտների և տուբերկուլոզի հետ առնչություն ունեցող հիշարժան տարեթվերի միջոցառումների գրաֆիկը, ադվոկացիոն աշխատանքների նախագծերը:

Պետք է գրանցել, որ այս հանդիպումների շարունակական դինամիկայի և նախադրյալների միջոցով մենք կհասնենք ուրվագծված  արդյունավետ վերջնարդյուննքերին:

Դասընթացների լուսանկարները գտեք այս հղմամբ՝ >>>