Փոփոխություններն հնարավոր են: Գործենք հիմա

«Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախաձեռնությամբ, TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ (ԱՀԿ) հուլիսի 22-23-ը Աղվերանում ընթացան արտագնա աշխատանքային հանդիպումներ՝ «Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի շրջանակներում:

Սույն նախագիծը մեկնարկել է 2016թ.-ին, որի գործողությունները ըստ տարիների տարբեր են՝ ելնելով դրված նպատակների և ակնկալվող արդյունքների սահմանումներից:

2016թ.-ին սույն նախագծի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի (ՏԲ) վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին տարբեր գյուղական համայնքներում իրազեկության բարձրացմանը:

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի 2017թ.-ին պլանավորված աշխատանքային գործողությունների ցանկում առաջնայինը ՀՀ-ում ՏԲ հիվանդության կանխարգելման և բուժման ապահովում իրականացնող կառույցների ներկայացուցիչների համախմբումն էր: Աշխատանքային խմբի նման միավորում, որտեղ մասնակիցները ՀՀ Առողջապահության նախարարության, 
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի, ՀՀ մարզերի մարզպետարանների աշխատակազմի և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցի, Մեծամորի, Աբովյանի ԲԿ-ների, Նոր Արաբկիր ԱԿ-ի, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական առաքելության, «Տուբերկուլոզը և ես», «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում» ՀԿ-ների ներկայացուցիչներ էին, չէր ունեցել իր նախադեպը: Հանդիպումների նման ձևաչափը, ուր քննարկումները ծավալվում էին ՀՀ-ում ՏԲ հիվանդների բուժման հիվանդակենտրոն մոդելի կիրառման նախադրյալների շուրջ, արդյունավետ էր և հասավ նախորոշված արդյունքներին:Հանդիպումների առաջին օրը բացման խոսքով հանդես եկան «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը: Հաջորդիվ խոսք տրվեց մասնակիցներին՝ ներկայանալու, արտագնա հանդիպումից իրենց  ակնկալիքների մասին խոսելու և թեմայի վերաբերյալ նկատառումներ անելու համար: Ըստ օրակարգի՝ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Գալստյանը աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեց ՀԿ-ի պատմությունը, ծրագրերը, նախաձեռնությունները, գրանցված արդյունքները և հետագա պլանները:

«Փոփոխությունները հնարավոր են: Գործենք հիմա» նախագծի փուլերի, կատարված հսկայածավալ աշխատանքների, ընթացիկ գործունեության, ներգրավված անձանց, շահառուների, աշխատանքային գրաֆիկի հետագա անելիքների մասին մանրամասնեց Ա. Հարությունյանը: Բանախոսի ներկայացման մյուս բաժինը վերաբերում էր ԱՀԿ-ի կողմից ներկայացված BLUEPRINT փաստաթղթի վերծանմանը:

Մասնակիցներին TB REP ԱՀԿ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում տուբերկուլոզի կառավարման ամբուլատոր օղակի բարեփոխումների փաթեթի ներկայացումը ստանձնեց Հրաչյա Լիլյոզյանը (Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի մոնիթորինգի և գնահատման մասնագետ):

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենը հանգամանալից խոսեց ՀՀ-ում ՏԲ համաճարակաբանական իրավիճակի, ամբուլատոր օղակի բարեփոխումների նախագծի, ՏԲ-ի կառավարման ոլորտում առկա խնդիրների ու ձեռքբերումների և ՏԲ կառավարման ազգային ծրագրի իրականացման ընթացքի մասին: Այս հատվածում հատկապես շատ էին Ա. Հայրապետյանին ուղղված հարցադրումները կառուցվածքային փոփոխությունների, հաստիքների կրճատման, ֆինանսական միջոցների տնտեսման, սննդի մատակարարման մեխանիզմի փոփոխությունների թեմաներով: Նշված հարցերի մասին պարզաբանումներ և հավելումներ հնչեցրեց նաև Արթուր Թադևոսյանը (ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի տուբերկուլոզի ենթածրագրի համակարգող):

Աշխատանքային խմբի հանդիպումների ժամանակ նաև արծարծվեց ՀՀ-ում դեղակայուն և բազմադեղակայուն տուբերկուլոզի դեղերի հասանելիության ապահովման հարցը: Այս թեմայով մանրակրկիտ զեկույց ունեցավ Նաիրա Խաչատրյանը («Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական առաքելության բժշկական գծով համակարգող):

Հանդիպումների մեկնարկային օրվա ամփոփումը կատարվեց «Թեմատիկ միջոցառումների կարևորությունը հանրության իրազեկման գործում» հարցման շուրջ: Բոլոր ներկաները անդրադարձան մարտի 24-ի՝ ՏԲ-ի դեմ պայքարի միջազգային օրվա համատեքստում իրենց կողմից իրականացված միջոցառումներին, առաջարկեցին հետայսու հանդես գալ միասնական գործողությունների պլանով՝ հանրության իրազեկման ծավալների ընդլայնումը մեծացնելու նկատառումով:

ՏԲ հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցության և բարեհաջող ելքերի ապահովման գործում կրթման դերի մասին, ինչպես նաև  «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ի մասին անդրադարձ կատարեցին Մարիամ Ավանեսովան (ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի հոգեբան) և Հայկ Ավանեսովը («Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ի նախագահ): Սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերի արդյունքների մասով խոսքը շարունակեց Արամ Մանուկյանը (ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի փոխտնօրեն):

Հատկանշական է, որ նման հանդիպումները առիթ հանդիսացան, որ ՀՀ-ում ստեղծվի ՏԲ-ի կանխարգելման և բուժման հարցերով զբաղվող պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների համագործակցության հարթակ: Այս հարթակում հնչեցին բազում առաջարկություններ, որոնցից առանձնացնում ենք ՀՀ բոլոր մարզերում նմանօրինակ հանդիպումների հնարավորությունների ստեղծումը, ՏԲ դեպքերի վաղ հայտնաբերման գործում ՀԿ-ի ունեցած դերի շարունակականության ապահովումը (2016թ.-ին ընթացքում ՀՀ-ում ՏԲ դեպքերի վաղ հայտնաբերման գործում ՀԿ-ների ներդրումը կազմում է 8-9% `մասնավորապես շնորհիվ «Դրական մարդկանց հայկական ցանց» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում» ՀԿ-ների գործունեության), այս աշխատանքային խմբի հանդիպումների պարբերականության ապահովումը, ՏԲ հիվանդների հետ արդյունավետ ելքերի հարցում նաև այս համագործակցային մոդելի կարևորումը:

Երկօրյա հանդիպումների արդյունավետության և կարևորության մասին շատ խոսվեց, բայց առանձնացնենք Ա. Թադևոսյանի միտքը.

«Այս դեպքում կարող ենք փաստել, որ կայացած ՀԿ-ն այն միավորն է, որը թեթևացնում է պետության բեռը՝ դարձնելով այն ավելի ուժեղ»:

Աշխատանքային խմբի հանդիպման նկարները գտեք այս հղմամբ>>>

Բանախոսների ներկայացումները (PPT) կարող եք գտնել այստեղ>>>