Սեռականության ոլորտում ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում

Back to Նորություններ

Սեռականության ոլորտում ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում

Դեկտեմբերի 14-15-ը, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «Սեռականություն» և «Մարդու իրավունքներ» թեմաներով երկօրյա դասընթաց: Նպատակային դասընթացի մասնակիցների թվում էր նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի իրավաբան Սիրարփի Սարգսյանը:

Հանդիպումների առաջին օրը խոսվել է սեռականության սահմանման, բաղադրիչների, կենսաբանական սեռի, սեռական կողմնորոշման, սեռային զգացողության և սեռական վարքագծի մասին: Բացատրվել է նաև, թե ինչ է գենդեր հասկացությունը, գենդերային ինքնությունը և նրա բազմազանությունը: Թեմաների ներկայացումներից զատ իրականացվել է նաև ակտիվ քննարկումներով ուղեկցվող գործնական աշխատանք:

Դասընթացի երկրորդ օրը հրավիրված փորձագետը մասնակիցներին ներկայացրել է «Առողջության իրավունք» վերտառմամբ թեման: Նախավարժանքային հարցաթերթիկի լրացումից հետո մասնակիցներին բացատրվել է «մարդու իրավունքներ» հասկացությունը: Թեմայի ամրապնդումը ուղեկցվել է խմբային աշխատանքի և տեսահոլովակի դիտման միջոցով:

Երկօրյա հանդիպումների ընթացքում խոսվել է նաև խարանի, խտրականության և զրպարտության մասին: Այս թեմաների առնչությամբ եղել է նաև դերախաղի ներկայացում, ուր և արտացոլվել է մարդու իրավունքի պաշտպանության ներպետական մեխանիզմների, քայլերի, խտրականության դեմ պայքարի միջոցների ձևերը։

Հանդիպումների ավարտը ամփոփվել է գնահատման թերթիկների լրացմամբ և մասնակցության վկայականների շնորհումով:

Կիսվել

Back to Նորություններ