Սա հեպատիտն է. իմացի’ր այն
Հուլիսի 24-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամ կազմակերպությունները և աջակիցները, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բուժման պատրաստակամության միջազգային կոալիցիայի աջակցությամբ, իրականացրեցին միջոցառում` նվիրված Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառման մասնակիցները երթով այցելեցին «Հոֆֆման-Լյա Ռոշե» ՍՊԸ Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ, որտեղ ներկայացրեցին պահանջ` վերանայելու Հեպատիտ C-ի բուժման դեղամիջոցի նկատմամբ գնային քաղաքականությունը: Այնուհետև երթի մասնակիցները ուղևորվել են Առողջապահության նախարարություն` նամակ հանձնել նախարարին, որտեղ արտացոլված էր Հեպատիտներ ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջարկված լուծումներ: Երթը ավարտվեց «Հենարան» ակումբում կազմակերպված մամլո ասուլիսով: Ասուլիսի ժամանակ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հարությունյանը, ներկայացրեց միջոցառման նպատակները, խոսեց բուժման «հասանելիության» մասին: Նա ասաց, որ անհանգստացած են հեպատիտ C-ի շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակով. «Մի կողմից չկան վիճակագրական տվյալներ, միայն կարելի է առանձին մասնագետների խոսքերից ենթադրել, որ բավականին տարածված է, իսկ մյուս կողմից, թեև Հայաստանում առկա է ռադիկալ բուժում ապահովող դեղամիջոցը, սակայն այն այնքան թանկարժեք է, որ շատերը գերադասում են ապրել հիվանդությամբ»:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հիմնադիր խորհրդի անդամ Հովահննես Մադոյանը ասաց. «Իզուր չէ, որ հեպատիտ C-ին անվանում են «քնքուշ մարդասպան»: Նա այնքան թաքուն և աննկատ է անում իր գործը, որ շատերս չենք էլ գիտակցում խնդրի ծավալը և հետևանքները: Մեր լռությունը Հեպատիտ C-ի համաճարակի տարածմանը նպաստող ամենահզոր զենքն է: Ժամանակն է, որ լռությունը խախտվի, և հիվանդների, և առողջապահության կազմակերպիչների, և հասարակական գործիչների, ողջ հանրության կողմից»:
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը ներկայացրեց Հուլիսի 28-ին` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը, կայանալիք միջոցառումը, որպես Համաշխարհային հեպատիտ ալյանսի ամենամյա միջոցառման մի մաս` Գինեսի նոր ռեկորդի սահմանում` «Սա հեպատիտն է. Իմացի’ր այն: Պաշտպանվի’ր նրանից» խորագրով:
«Սա ևս մեկ հնարավորություն է հանրության ուշադրությունը սևեռել հեպատիտներ B-ի և C-ի հիմնախնդիրներին: Սա հնարավորություն է ազդեցություն ունենալու հիվանդության կանխարգելման, հետազոտման և բուժման հասանելիության ապահովմանը».- ասաց նա: