ՀՀ-ում կներդրվի Life4me+ հավելվածը
Մայիսի 17-ից 20-ը ՀՀ-ում էր գտնվում Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus) հավելվածի սեփականատեր Ալեքս Շնեյդերը: Այցի նպատակը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժող անձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի ներկայացումն է ՀՀ Առողջապահության ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրինությանը, բժիշկներին, ադմինիստրատիվ անձնակազմին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և շահագործման աշխատանքների պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի ներկայացուցիչներին:
Հանդիպումների ժամանակ Ալեքս Շնեյդերը մանրամասն ներկայացրեց հավելվածի առաձնահատկությունները, բժիշկ-հիվանդ ինտերակտիվ առցանց կապի ստեղծման հնարավորությունները, հիվանդների տվյալների թվային բազայի պահպանման և գաղտնիության ապահովման երաշխիքները:
Հավելվածը հնարավորություն է տալիս հիվանդներին ուղարկել հիշեցումներ դեղերի ընդունման, մոտակա հետազոտության ժամկետների մասին, ինչպես նաև ստանալ բժշկական խորհրդատվություն, հանդիպման կամ հետազոտություններ անցնելու պայմանավորվածությունների նշանակում:
Երկխոսության ձևաչափով ընթացող հանդիպումներին բանախոսը անդրադարձավ նաև բժիշկների, սպասարկող անձնակազմի բարձրաձայնված հարցերին: Առանձնացնում ենք այն ընդհանուր գաղափարը, որ հավելվածը հրաշալի գործիք կարող է հանդիսանալ հատկապես միգրանտ կարգավիճակում կամ մայրաքաղաքից հեռու բնակություն ունեցող շահառուների համար:
Հավելենք, որ ՀՀ-ն աշխարհի 25 երկրների ցանկում է, ուր կներդրվի հավելվածի փորձնական տարբերակը: Թվային գործիքը հայերեն լեզվով արդեն առկա է, իսկ առաջնային փուլի տեխնիկական խոչընդոտները՝ հաղթահարված:
Ալեքս Շնեյդերը և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի նախագահ Անահիտ Հարությունյանը հյուրընկալվեցին նաև Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում: Նրանք խոսեցին ինչպես մայիսի երրորդ կիրակի օրը նշվող ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրվա միջոցառումների, այնպես էլ ՀՀ-ում Life4me+ հավելվածի ներդրման նախադրյալների և հետագա կիրառման հնարավորությունների մասին:
Leave a Reply