ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը կնշվի մայիսի 21-ին
Մայիսի երրորդ կիրակի օրը կնշվի ՁԻԱՀ-ից մահացած անձանց հիշատակի օրը: «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ն, միանալով միջազգային International AIDS Candlelight Memorial կազմակերպության նախաձեռնությանը, կկազմակերպի ակցիա Հյուսիսային պողոտայում՝ «Միավորվենք՝ վերջ դնելու ՄԻԱՎ-ի համաճարակին» խորագրով: Միջոցառումը նպատակ ունի հասարակության շրջանում խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելու ցանկությունը, փոխել հետազոտման հետ կապված կարծրատիպերը, ինչպես նաև ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը կարևոր է սեփական առողջությունը պահպանելու և վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:
Երևանի քաղաքապետարանի և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի աջակցությամբ, միջոցառման ընթացքում անցորդներին կընձեռվի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախա/հետթեստային խորհրդատվությամբ ուղեկցվող արագ թեստավորում անցնելու հնարավորություն: Ակցիայի ընթացքում անցորդներին նաև կբաժանվեն նպատակային տեղեկատվությամբ բրոշյուրներ և լիֆլետներ: Ակցիայի շրջանակներում հանրությունը կիրազեկվի ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առկա իրավիճակի, անվճար բուժման հասանելիության, և հասարակությունում շրջանառվող թյուր և խտրական հետևանքների մասին:
Հավելենք, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող անձինք, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, միջազգային և տեղական ՀԿ-ների, թիրախային կառույցների հավատարմատարներ:
Օրը՝ մայիսի 21, 2017
Ժամը՝ 15:00-19:00
Վայրը՝ Հյուսիսային պողոտա
Միջոցառման հղումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գտեք այստեղ >>>