Հաճախ տրվող հարցեր

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն կտա վաղ շրջանում ախտորոշել ՄԻԱՎ վարակը, իսկ հիվանդության վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն են տալիս ՄԻԱՎ վարակով հիվանդին երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը, նաև չվարակել հարազատ և սիրելի մարդկանց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել իր ապագա երեխայի վարակման վտանգը:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն բոլոր այն մարդիկ, ովքեր երբևէ դրսևորել են ռիսկային վարքագիծ, այսինքն երբևէ օգտագործել կամ ներկայումս շարունակում են օգտագործել թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների կամ ՄԻԱՎ-ով վարակվելու տեսանկյունից ոչ անվտանգ վարքագիծ ունեցող մարդկանց (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ տղամարդիկ, մեկից ավելի զուգընկեր ունեցողներ) հետ, ունեն որևէ սեռավարակ, ենթարկվել են մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում և այլն)` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս հաստատել կամ ժխտել օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը: ՄԻԱՎ-ի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինում 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել լաբորատոր հետազոտությամբ: ՄԻԱՎ-ի հայտնաբերման ամենամատչելի մեթոդը իմունաֆերմենտային անալիզն է (ԻՖԱ): Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է օրգանիզմ, իմունային համակարգի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Հայտնաբերվելու համար բավարար քանակով հակամարմիններ վարակվածների 90-95%-ի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց երեք ամիս, 5-9%-ի մոտ 6 ամիս հետո և 0,5-1%-ի մոտ` ավելի ուշ (մինչև 1 տարի): Իմունաֆերմենտային անալիզը հնարավորություն է տալիս հայտնաբերել այդ հակամարմինները:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը կարող է լինել դրական կամ բացասական:
Դրական արդյունքը նշանակում է, որհետազոտվողի արյան շիճուկում հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, ինչը վկայում է նրա ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին: Մարդը, ում մոտ հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, համարվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական:
Բացասական արդյունքը նշանակում է, որ հետազոտվողի արյան շիճուկում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել: Մարդը, ում մոտ չեն հայտնաբերվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, համարվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ բացասական: ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունը բացասական կարող է լինել ներքոհիշյալ դեպքերում.

  • մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով
  • մարդը վարակված է ՄԻԱՎ-ով, բայց դեռևս գտնվում է «պատուհանի շրջան»
  • մարդը գտնվում է ՁԻԱՀ-ի փուլում:

Այն ժամանակահատվածը, երբ վիրուսն առկա է օրգանիզմում, բայց արտադրված հակամարմինների քանակությունը բավարար չէ արյան մեջ դրանց հայտնաբերման համար, կոչվում է «պատուհանի շրջան»: Այս շրջանում, չնայած մարդը վարակված է և արդեն կարող է վիրուսը փոխանցել ուրիշներին, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը լինում է բացասական: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել հնարավոր վարակման պահից, այսինքն՝ վերջին անգամ ռիսկային վարքագիծ դրսևորելուց 3-6 ամիս անց:

Վարակված լինելու կասկածի դեպքում չափազանց կարևոր է առաջին 6 ամիսների ընթացքում, քանի դեռ հայտնի չէ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը, կանխարգելիչ միջոցառումների պահպանումը: Մասնավորապես, պետք է սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց, իսկ կանանց խորհուրդ է տրվում այդ ընթացքում խուսափել հղիությունից:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության բացասական արդյունքը չի նշանակում, որ տվյալ
անձն այլևս ենթակա չէ վարակման վտանգին:

Այդպիսի հետազոտություն անցնելու համար հարկավոր է դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն (ք.Երևան, Ավան, Աճառյան 2, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9:00-18:00):
Նշված հաստատությունում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը անվճար է: Ցանկության դեպքում Դուք կարող եք հետազոտվել անանուն: Հետազոտության պատասխանը կհայտնվի միայն Ձեզ, նաև երաշխավորվում է հետազոտության լիակատար գաղտնիությունը:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը շատ ժամանակ չի պահանջում, պատասխանը սովորաբար տրվում է 1-2 օրվա ընթացքում: Նախքան ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը և դրանից հետո Ձեզ կտրամադրվի խորհրդատվություն: Ցանկության դեպքում Դուք կարող եք ստանալ նաև հոգեբանի խորհրդատվություն:
Հետազոտության համար անհրաժեշտ է հանձնել 3-5մլ արյուն, որը վերցվում է արմնկային երակից` միանվագ օգտագործման ներարկիչներով: Հետազոտության համար արյուն հանձնելու ժամանակ սննդի ընդունումը նշանակություն չունի: