Կայացավ ՄՀՀ առաջին նիստը

Back to Նորություններ

Կայացավ ՄՀՀ առաջին նիստը

2018թ.-ի օգոստոսի 2-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» նոր անդամների մասնակցությամբ կայացավ ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) առաջին նիստը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ նախարարը, ՀՀ ԱՆ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարների տեղակալները, ՀՀ գերատեսչական կառույցների անդամներ, տեղական և միջազգային ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան։

Նիստի բացումը և օրակարգային հարցերի ներկայացումը իրականացրեց ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի առաջարկով որոշվեց նախ և առաջ  ներկաների առաջադրումով իրականացնել ՄՀՀ փոխնախագահի ընտրության քվեարկությունը։ Բաց քվեարկության արդյունքում փոխնախագահ ընտրվեց Աստղիկ Գրիգորյանը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)։

Հաջորդիվ խոսքը տրվեց ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանին, ով ամփոփ ներկայացմամբ խոսեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակային իրավիճակի, միտումների, կասեցման աշխատանքների, ազգային ռազմավարության և քաղաքականության մասին։ Բանախոսը իր խոսքում նշեց, որ ՄԻԱՎ տարածվածությունը ԹՆՕ, ՏՍՏ և ԿՍԿ խմբերում չի գերազանցում 5%-ը, հետերոսեքսուալ սեռական հարաբերությունները հանդիսանում են ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի տարածման հիմնական ուղին, և որ 2013-2017թթ․գրանցված դեպքերի 70%-ը արտերկրում վարակվածներն ու նրանց զուգընկերներն են։ Հ․Հարությունյանը ներկաներին փոխանցեց, որ Գլոբալ հիմնադրամի կողմից որոշում է կայացվել ՀՀ-ում ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի ընթացիկ ծրագրերի անընդհատությունը հոկտեմբեր 2018-մարտ 2019՝ մինչ 2019-2021թթ․-ի նոր դրամաշնորհի հայտի ներկայացման գործընթացի և տեխնիկական գործառույթների հաստատումը։ Խոսելով նոր դրամաշնորհի բովանդակային և ֆինանսական բաշխումների մասին ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերի համակարգող խմբի ղեկավարը առանձնացրեց, որ ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցառումները կիրականացվեն և՛ արդեն իսկ սահմանված խոցելի խմբերում (ԿՍԿ, ՏՍՏ, ԹՆՕ), և՛ տրանս անձանց ու միգրանտների շրջանում։ Նոր դրամաշնորհի ժամկետներում (2019 թ. ապրիլի 1-2021 թ. սեպտեմբերի 30), ինչպես և նախկինում, կտրամադրվի խնամք և աջակցություն ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պացիենտների դիսպանսերային հսկողություն, լաբորատոր ախտորոշիչ նյութերի ձեռք բերում, ՀՌՎ բուժում, օպորտունիստիկ վարակների կանխարգելում և բուժում, կտրամադրվի մեթադոնային փոխարինող բուժում ԹՆՕ-ներին, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն քրեակատարողական հիմնարկներում գտնվողների շրջանում։

Պետք է հավելել նաև, որ ներկայացման ընթացքում բանախոսը, ինչպես նաև ներկա գերատեսչությունների ներկայացուցչները ակտիվ հարց ու պատասխանի օգնությամբ պարզաբանումներ և ուղղորդումներ տվեցին որոշակի խնդրահարույց հարցերի․ այն է՝

  • իրազեկող նյութերում հաշվի առնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները և ապահովել դրանց հասանելիությունը,
  • միգրանտների և նրանց ընտանիքներ շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտությունների իրականացման գործընթացում ուժեղացնել ընտանեկան բժիշկների դերը և կարողությունները՝ ծառայությունները պատշաճ տրամադրելու նկատառումով,
  • դրամաշնորհի հիմնական ստացող ՀՀ ԱՆ-ը դեռևս չի կարող լիարժեք իր վրա վերցնել ծրագրի ենթաստացող «Առաքելություն Արևելք» ՄՀԿ -ի գործառույթները և դրանով իսկ ձևավորել ֆինանսական խնայողություններ, այդ պատճառով նոր դրամաշնորհի շրջանակում «Առաքելություն Արևելք» ՄՀԿ -ն դեռևս 1 տարի կհանդիսանա ենթաստացող,
  • պետական բյուջեով հատկացումները ի համեմատություն 2017-2018թթ․-ի 2019-2020թթ․-ին կավելանան 3, իսկ 2021թ․-ին 4 անգամ։ Մեթադոնի գնման գործընթացում աճ է լինելու 2,8 անգամ 2019-202թթ․-ին, իսկ 2021-ին` արդեն իսկ 5,6 անգամ։

Հանդիպման ամփոփման փուլում քվեարկության դրվեց նոր դրամաշնորհի նախագծի հաստատումը և ձեռք բերվեց պայմանավորվածություն օգոստոսի 6-ին առցանց տարբերակով շրջանառել արդեն իսկ լրամշակումներով փաստաթուղթը՝ Գլոբալ հիմնադրամին ներկայացնելու համար։

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ