ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ 2018
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը միանում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվան և սույն թվականի նոյեմբերի 23-30-ը, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը պլանավորում է այլ կազմակերպությունների աջակցությամբ և համագործակցությամբ Երևանում և մարզերում անցկացնել հանրային միջոցառումներ:
Միջոցառումները նպատակ ունեն բարձրացնելու ՄԻԱՎ վարակի և հեպատիտների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակը, շեշտադրելու պարբերաբար հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և նվազեցնելու վարակման վտանգները: Հետազոտության շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա ընթացքում հանրային միջոցառումների մասնակիցներին (ավելի քան 1000 հոգի) հնարավորություն կտրվի անցնելու խորհրդատվությամբ ուղեկցվող ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար թեստավորում և ընդամենը 15 րոպեի ընթացքում իմանալու իրենց կարգավիճակի մասին:
Խորհրդատվության և հետազոտության գործընթացը կիրականացվի ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից` ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ:
Ստորև գտեք նաև վերոհիշյալ միջոցառումների անցկացման վայրերը և օրերը ՀՀ-ի ամբողջ տարածքով.
ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ
Սկսած 2013թ-ից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվանն ընդառաջ հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ, որի նպատակն է օգնել մարդկանց իմանալու ՄԻԱՎ-ի և հեպատիտների նկատմամբ իրենց կարգավիճակը: Հարկ է նշել, որ 2017թ. նախաձեռնությանը արդեն իսկ միացել է 53 երկրից ավելի քան 600 կազմակերպություն, ինչի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն են ունեցել հետազոտվելու և իմանալու ՄԻԱՎ-ի և հեպատիտների նկատմամբ իրենց կարգավիճակի մասին: Հայաստանում 2017թ. ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների ընթացքում հետազոտվել է ավելի քան 1000 մարդ: Դրական պատասխաններ ստացած մարդիկ ուղղորդվել են համապատասպան ծառայություններ անհրաժեշտ հետագա հետազոտությունների և բուժման համար:
1 դեկտեմբերի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Արդեն 30 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր և անհատներ ներգրավելու համար: Այս օրն ամեն տարի անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո, որոնք արտացոլում են տվյալ ժամանակաշրջանի համար արդիական խնդիրները: Այս տարվա կարգախոսն է՝ «Իմացի՛ր քո կարգավիճակը»:
Leave a Reply