Գործարկվել է տուբերկուլոզի ազգային պլատֆորմը

Back to Նորություններ

Գործարկվել է տուբերկուլոզի ազգային պլատֆորմը

2019թ․-ի դեկտեմբերի 9-10-ը,  Գլոբալ ՏԲ Կոկուսի, TB REP 2  և «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի նախաձեռնությամբ և գործընկերությամբ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ իր բնույթի մեջ եզակի հանդիպում, որի նպատակը Տուբերկուլոզի ազգային պլատֆորմի գործարկումն էր։

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի Հանրապետությունների Ազգային ժողովների պատգամավորներ, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ Առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտային հասարակական սեկտորի անդամներ։

Երկօրյա միջոցառման ընթացքում պատգամավորներին ներկայացվեց ՀՀ-ում տուբերկուլոզի, տուբերկուլոզ/ՄԻԱՎ համավարակի իրավիճակը, հիվանդությունների տարածման տենդենցները, կանխարգելմանն ուղղված միջոցառումները, ՏԲ ոլորտում սոցիալական պատվերի կիրառման հնարավորությունները,  Գլոբալ ՏԲ Կոկուսի գործունեության մարտահրավերները, տուբերկուլոզի դեմ պայքարում միջազգային հանրույթի հակազդումը ու գործողությունների առաջնահերթությունները, Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման հաշվետվողականության ամփոփագիրը։

«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի և ՏԲ համայնքի ներկայացուցիչ Արման Ավչյանը հանդիպման ժամանակ խոսեց Տուբերկուլոզից տուժած մարդկանց իրավունքների հռչակագրի մասին՝ կոչ անելով ներկաներին ուշադրություն դարձնել ՏԲ հիվանդների նկատմամբ առ այսօր դրսևորվող խարանին և խտրականությանը։

Այս հանդիպմամբ մեկ անգամ ևս պետական կառույցների բարձրաստիճան անձանց ուշադրությանը ներկայացվեց մինչ 2030թ․-ը ՏԲ-ի  վերացման հարցը և դրան հասնելու համար պետական սեկտորի անմիջական մասնակցության հրամայականը։

Դրված նպատակին հասնելու առաջին քայլերից էր հանդիպմանը ներկա 7 պատգամավորների կողմից Բարսելոնայի հռչակագրի ստորագրումը։ Այդ գործողությամբ նրանք պատրաստակամություն ցուցաբերեցին քայլեր ձեռնարկել Հայաստանում ՏԲ համաճարակի կասեցման հարցում։

Հաջորդիվ տեղի ունեցավ Գլոբալ ՏԲ Կոկուսի ներկայացուցիչների հանդիպումը Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին Հայաստանում և Վրաստանում ՏԲ ոլորտում առկա ծառայություններ տրամադրող առողջապահական համակարգերի ձեռքբերումները, խնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները։ Անառարկելի իրողություն է, որ նման կազմով և ձևաչափով հանդիպում առաջին անգամ էր կազմակերպվել, որը ևս պետք է ծառայի ՏԲ մահացության դեպքերի նվազմանը և համաճարակի հաղթահարմանը։

Հանդիպման լուսանկարները >>>

Կիսվել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to Նորություններ