Առջևում ՄՀՀ ընտրություններն են
2019թ.-ի օգոստոսի 5-ին, «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կառույցի նախաձեռնությամբ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում կայացավ հանդիպում ՏԲ-ով հիվանդ և նախկինում հիվանդացած անձանց մասնակցությամբ:
Վերոհիշյալ թիրախային խմբերի հետ նմանօրինակ հանդիպումներ ՀԿ-ն իրականացնում է արդեն չորս տարի անընդմեջ, որի բուն նպատակը, անմիջական շահառուների մասնակցությամբ, ՀՀ-ում ՏԲ-ի հիվանդակենտրոն բուժման մոդելի ներդրման աջակցությունն է, ոլորտային խնդիրների վերհանումը, իրազեկումը և ոլորտի կառավարումն իրականացնող դերակատարների հետ լուծումների առաջադրումը:
Հանդիպման նախնական փուլում մասնակիցներին ներկայացվեց օրակարգը, որը մասնավորապես վերաբերում էր TB REP 2 տարածաշրջանային ծրագրի գործառույթներին և ՄՀՀ* անդամի ընտրության ընթացակարգային նկարագրությանը:
«Տուբերկուլոզի բուժումն առանց խոչընդոտների» նախագծի մասին ներկաներին տրամադրվեց տեղեկատվություն և ներկայացվեց ծրագրային գործողությունների մեխանիզմները, ընթացակարգային գործիքները: Հանդիպման հաջորդ փուլում մասնակիցները ստացան համապարփակ գիտելիքներ ՄՀՀ-ի ստեղծման նպատակների, կազմի, նրա կառուցվածքի, գործունեության և որդեգրած սկզբունքների վերաբերյալ: ՄՀՀ-ի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության տրամադրումից հետո անցում կատարվեց մասնավորապես ՄՀՀ Հայաստանի գործունեության նկարագրմանը: Ներկայացվեցին այն հիմնական ծրագրերը, որոնց իրականացման համար պատասխանատու և վերահսկող է հանդիսանում ՄՀՀ Հայաստանը: ՄՀՀ Հայաստանի կազմային կառուցվածքը քննարկելիս՝ տրամադրվեց տեղեկատվություն ՄՀՀ անդամների ընտրության կարգի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին ՄՀՀ Հայաստանի հանդիպումների ձևաչափը և օրակարգային հարցերը:
Օրակագային թեմաների ներկայացմանը հաջորդեց հարց ու պատասխանի փուլը: Մասնակիցներին մասնավորապես հետաքրքրեց ՄՀՀ աշխատանքային խմբի ձեռքբերումները ՏԲ ոլորտում, ինչին ի պատասխան բանախոսները մանրամասն ներկայացրին այն հիմնական փոփոխությունները և ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել ՄՀՀ Հայաստանի աշխատանքային հանդիպումների արդյունքում: Եղան նաև կոնկրետ դեպքերի քննարկումներ, ինչը օգնեց իրավիճակը ներկայացնել ավելի պատկերավոր և խորքային: Հանդիպման ավարտին մասնակիցների մեծամասնությունը տվեցին իրենց մասնակցության հաստատումը առաջիկա ՄՀՀ ընտրություններում ՏԲ համայնքի ներկայացուցչի առաջադրման և ընտրման հարցերում:
* Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովը (ՄՀՀ) ստեղծված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկի հաստատման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ընթացիկ գերակայող ռազմավարությունների որոշման, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների բաշխման ու շարունակական հսկողության իրականացման նպատակով:
Leave a Reply