Պատմության հիմքում իրական եղելություն է

Բարև, ես Սոնան եմ: Հայ աղջիկ, ով ապրում է իր սիրելի երկրում ու ունի ամուր ընտանիք՝ հրաշալի ամուսին, երեխաներ:

Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես յուրաքանչյուրս կարող ենք հաղթահարել նույնիսկ ամենաանլուծելի թվացող խնդիրները և ապրել երջանիկ կյանքով:

Այս պատմության սկիզբ համարում եմ իմ առաջին ամուսնության օրը: Երիտասարդ էի, և ընտանիքս առանց այլևայլության ընտրեց իմ երկրորդ կեսին: Գիտեք, որ սա բնորոշ վարվելակերպ է շատ հայ ընտանիքներում: Կարծիքին, որ հայրը և մայրը, ընտրելով աղջկա փոխարեն, ձերբազատում են նրան ակնկալվող խնդիրներից, թույլ տվեք չհամաձայնվել: Նման քայի դրդապատճառները գալիս են իրենց դստեր համար ավելի լավ պայմաններ ստեղծելու միտումով: Բայց սիրելի՛ ծնողներ, ԴՈՒՔ ձեզ վրա վերցնում եք մի պատասխանատվություն, որին երբեք չեք կարողանալու հետևել:

Ամուսնացա…

Ի՞նչ եմ հիշում  այդ տարիներից. լարված ընտանեկան հարաբերություններ, բռնություն, սխալ վերագրումներ, թե ինչպես պետք է լինի հայ ընտանիքի մոդելը: Վստահ եմ, որ ես միակը չեմ, ում ընտանեկան կյանքը իսկ և իսկ իմ ունեցածի կրկնօրինակն է: Ամուսնության հենց առաջին տարում ես արդեն սպասում էի իմ առաջնեկին ու բացարձակ անմասն էի մայրանալու պատրաստ կանանց համար արդեն ընդունված բժշկական հսկողության ձևերից, քանի որ ամուսնուս ընտանիքի համար անընդունելի էր դա: Հղի կնոջ հիվանդանոց այցը ստուգման, զննման նպատակով քննարկման էլ ենթակա չէր: Այդպես, ինը ամիսների ընթացքում առանց որևէ հետազոտման, ես ծննդաբերեցի իմ ձագուկին: Երեխաս արդեն մեկ տարեկան էր, և նրա մոտ պարբերաբար նկատվում էր բարձր ջերմություն, թուլություն… Արդեն անկարող էի տանել երեխայիս անօգնական վիճակը ու ամուսնուս բանականությունից զուրկ բազում փաստարկները մերժելով, իմ նախաձեռնությամբ տարա երեխայիս հետազոտման:

Արդյունքները հետևյալն էին. «Ձեր երեխայի մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ/տուբերկուլոզ համավարակ…»:

Կարծում եմ՝ դուք կարող եք պատկերացնել, թե ինչ եմ զգացել ես, ինչ մտքեր եմ ունեցել, ինչ անվերադարձ ելքեր փնտրել…

Հասկանալ այն փաստը, որ դու՝ որպես մայր, կարող ես քո երեխայի հիվանդության պատճառը հանդիսանալ, թեկուզ առանց այդ մասին նվազագույն պատկերացում ունենալու, մի տեսակ քեզ դարձնում է խոցելի, անօգնական…

Սկսվեց նոր, բացարձակ անորոշ մի կյանքի շրջան, որտեղ գոյատևման առաջնային պայմանը, թերևս, պետք է լիներ իմ և ամուսնուս համերաշխությունը:

Բժիշկների դրդմամբ մենք ևս անցանք պահանջված հետազոտությունների շարքը: Արդյունքները դրական էին երկուսիս դեպքում էլ:

Կարծում եմ՝ հարկ չկա մանրամասնել, թե ինչ արհեստական բարդություններ էր ստեղծվում ամուսնուս կողմից ամեն անգամ բժիշկներին այցելելիս, դեղերը ընդունելիս, դրանց ժամկետների պահպանման հարցերը կարգավորելիս: Շատերդ գիտեք, որ ՀՀ-ում դեղերը հասանելի են, անվճար, նույնը կարող եմ ասել բուժման մասին: Մենք ստանում էինք այդ ամենը, բայց այլ բան է, որ պետք էր ցուցաբերել նաև հետևողական մոտեցում: Իմ և երեխայիս դեպքում հետևում էի բժիշկների յուրաքանչյուր ցուցումին, բայց ամուսինս այդպես էլ չկարողացավ ձերբազատվել վարակի մասին շրջանառվող սխալ կարծրատիպերից և այդպես էլ չընդունեց, որ ՄԻԱՎ-ը բուժելի և ոչ մահացու հիվանդություն է: Ստացված դեղորայքի ժամանակին չընդունումը, բժիշկների ցուցումներին չհետևելը և բացարձակ կամայական գործելը նրա համար ճակատագրական եղավ:

Հիվանդության հայտնաբերման սկզբից ևեթ մեզ ծանոթացրին նաև «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի անձնակազմին: Նոր ծանոթացում այս շրջանում երբեք չեմ ուզել, նույնիսկ խուսափել եմ: Ուզում ես առանձնանալ հասարակությունից, մինչդեռ քեզ ասում են գնա և ազատ խոսիր նրանց հետ հիվանդությանդ մասին: Հիմա վստահ կարող եմ գրել, որ մարդիկ, ովքեր աշխատում են այդ ՀԿ-ում, ունեն մի առանձնահատուկ գիծ, որը գուցե դժվար կլինի բնորոշել մեկ բառով, բայց այն, որ նրանց օգնությամբ Դու կարողանում ես շարունակել ապրել առանց խտրականության դրոշմի գիտակցության, զգացողություն է, որը տանում է անչափելի երախտագիտության:

Ի՞նչ ձեռք բերեցի ես այդ ընթացքում. հոգատարություն, խնամք, քո մտորումները կիսող ու քեզ ուժ տվող ընկերներ…

Այդ մարդկանց որդեգրած գործունեության ձևերը ինձ լիիրավ դարձրին: Այո-այո, հիմա կբարձրաձայնեք` ինչպես է դա հնարավոր ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար, բայց ես պատրաստ եմ կրկնել.

-Ես ձեզնից մեկն եմ, ում կարգավիճակը խարան չէ, և ես նույնպես առողջ ու երջանիկ լինելու նախադրյալներ ունեմ:

Ամուսնուս մահից հետո ես հեռացա նրա ընտանիքից ու երեխայիս հետ ապրեցի առանձին: Որոշակի ընդմիջումներով այցելում էի իմ ԴՐԱԿԱՆ մարդկանց, հանդիպում և զրուցում նույն կարգավիճակում հայտնված անձանց հետ: Երջանկություն է, երբ դուրս ես բերում ներսիդ եղածը ու գիտես, որ դիմացինիդ կողմից ընկալվում ես ոչ այլաբանական համատեքստով:

Այս հանդիպումները ինձ համար շրջադարձային եղան: Նույն գրասենյակում օրերից մի օր ես գտա իմ մեծ սերը: Ինձ համար փակված թեմաներ էին սեր, նոր ընտանիք, գուրգուրանք սիրելիիդ կողմից, համերաշխություն… բառեր-բառեր, որոնց մասին իմ և երեխայիս կարգավիճակի պարզումից հետո նույնիսկ արտաբերել չէի հանդգնում:

Մենք հանդիպեցինք, ու ի՞նչ կատարվեց:

Ես զգացի երջանիկ կին լինելու բերկրանքը: Ես սիրված էի, ես սիրում էի:

Մենք ապրում էինք երեքով: Նոր ընտանիք, ուր բոլորը իրենց երջանիկ էին համարում: Սա գուցե լիներ լավ վերջաբան, բայց մեր դեպքում վերջաբանները ԼԱՎ լինելով չեն սահմանափակվում: Հերթական հետազոտման ժամանակ պարզվեց, որ ես սպասում եմ իմ երկվորյակներին: Լուրը լսելուց հետո մեր բոլորի արձագանքը անկարող եմ նկարագրել: Մայրանալու բերկրանք, երբ բալիկներդ մեծ սիրո արտացոլանք են:

Երեխաներս ծնվեցին բացարձակ առողջ՝ ի շնորհիվ մասնագիտական բարձր ստանդարտներ հետապնդող բժշկական անձնակազմի և իմ ԴՐԱԿԱՆ մարդկանց աջակցության ու խորհրդատվությունների:

Ու կրկին բարև, ես Սոնան եմ: Հայ աղջիկ, ով ունի հրաշալի ԸՆՏԱՆԻՔ՝ սիրելի ամուսին, երեք երեխա: